Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բյուջեով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք բերելու մասին․

«Ինչպես գիտեք՝ ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքները, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս: Իսկ այժմ համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ ևս 100 ավտոբուսի ձեռքբերման համար»,- հայտարարել է քաղաքապետը։

Մարությանը ներկայացրել է նաև նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պահանջներից մի քանիսը, որոնց թվում են ցածր հատակը, հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորությունը, սրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայությունը, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորությունը և այլն։

«Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երևանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»,- գրել է նա։