Հուլիս 16-ի գիշերվանից ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի սահմանապահ գյուղերի հրետակոծությունը, հիմնանակում թիրախավորվել են Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղքաը։ Վնասվել է 10-ից ավելի առանձնատուն, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծ, որի վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Քաղաքացիական բնակչությունը հրետակոծության ընթացքում հիմնականում գտնվել է ապաստարաններում և նկուղներում։ Տուժածներ չկան։

Նրա խոսքով՝ այժմ հարաբերական անդորր է, իսկ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը։

«Ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղպաշտպանության բոլոր ուղղություններով և մեր բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարվել է ներքին մոբիլիզացիա, մասնավորապես՝ պատսպարման առումով... Առավոտ շուտ ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Վաղվանից պետք է սկսենք այդ տների վերականգնաման աշխատանքները։ Որոնք հնարավոր չի լինի վերականգնել, նորը կկառուցվի։ Այս պահի դրությամբ ունենք հաշվառած 30 բնակարան կամ առանձնատուն»,- ասել է մարզպետը։