Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հուլիսի 17-ի գիշերը հակառակորդի կողմից մոտ 120 կրակոց է արձակվել՝ հիմնականում հրաձգային զինատեսակներից, չեն կիրառվել հրետանային միջոցներ, սահմանին լարվածությունը զգալի թուլացել է։

«Կրակոցներ եղել են ոչ միայն Տավուշի բուն մարտական գործողությունների շրջանում, այլև Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով՝ նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքի հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, Նախիջևանի 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,- ասել է նա։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ որևէ գործողություն այդ հատվածում չի նախաձեռնվել, հնչել են միայն կրակոցներ։

Նրա խոսքով՝ նախորդ օրերին վիրավորված զինծառայողների վիճակում փոփոխություն չկա, մեկ հոգու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, բայց կայունություն կա։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։