Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին հայտնել է ՊանԱրմենիա-ն։

Բացման խոսքում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է օտար քարտեզագիրների միջոցով ներկայացնել հայոց հազարամյա պատմությունը: Քարտեզներում ներկայացված են հայոց պատմության ինչպես անկման, այնպես էլ` վերելքի ժամանակաշրջանները:

Դատապարտելով հայոց պատմության նկատմամբ ոտնձգության փորձերը` դեսպանը հավելել է, որ թե Հայոց ցեղասպանության ժխտողականության, թե Երևանը որպես ոչ հայկական տարածք ներկայացնելու անմիտ փորձերի ակունքը նույնն է՝ հայատյացությունը, որի սերմանումը սկսվում է մանկապարտեզներում և դպրոցներում: Դեսպան Մկրտչյանը նաև նշել է, որ ընդամենը հարյուր տարի առաջ քաղաքական քարտեզի վրա հայտնված պետությունն արդեն մի քանի տասնամյակներ շարունակ փորձում է կեղծ գիտական ագրեսիա կիրառել հայոց պատմության նկատմամբ, ինչն ամենուր և մշտապես պետք է արժանանա դատապարտման:

Տալլինի ազգային գրադարանի տնօրեն Յանե Անդրեսոնն իր խոսքում նշել է. «Առիթն օգտագործելով, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ. հրաշալի գաղափար է՝ նշելու Հայաստանի համար պատմական և արժանահիշատակ այս իրադարձությունը՝ ներկայացնելով երկրի տարածքային զարգացումները դարերի ընթացքում: Քարտեզագրական նման նյութի ցուցադրությունը վկայում է, որ արագ փոփոխվող ժամանակներում մշակութային ժառանգության արժեքավոր մասը պահպանվել է», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քարտեզները ներկայացնող Ռուբեն Գալիչյանն ասել է. «Ամբողջ աշխարհի գրադարաններում և թանգարաններում պահպանվող պատմական քարտեզների 40 տարվա իմ հետազոտության արդյունքում Հայաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ներկայացվում է շուրջ 60 քարտեզների միջոցով»: