Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, իր առաջին նախըտնրական հավաքն է անցկացրել Հարավային Կարոլինայում: Հանդես գալով երկար ելույթով՝ նա խոսել է հղիության արհեստական ընդհատումից և կրոնից մինչև միջազգային առևտրի և լիցենզավորման գործարքների թեմաներով:

Ուեսթը մի պահ հուզվել էր՝ խոսելով մոր մասին, ով մահացել է 2007թ-ին պլաստիկ վիրահատության բարդությունների հետևանքով: Իսկ թե իրականում հայտնի ռեփերը երկրի բարձրագույն պաշտոնն է ուզում, թե ոչ, դեռ հարց է: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Պաշտպանիչ բաճկոնով և գլխին «2020» դաջվածքով Ուեսթի հավաքին մի քանի հարյուր մարդ էր մասնակցում:

Միջոցառումը միայն գրանցված հյուրերի համար էր, չնայած քարոզարշավի կայքում գրանցման մասին տեղեկություններ չկային:

43-ամյա Ուեսթը, ով նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կողմնակիցն էր, ընտրողների մոտ տարակուսանք է առաջացրել, թե արդյոք իր քարոզարշավն իրական է, թե՞ նպատակ ունի հանրայնացմամբ նպաստել իր ալբոմների վաճառքին: