Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute) հունիսի 18-ից 25-ը հետազոտել է ՀՀ բնակչության հանրային կարծիքը՝ կապված կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի նկատմամբ նրանց վերաբերմունքի հետ։ Հարցմանը մասնակցել է 1517 մարդ, որոնցից 351-ը՝ 18-29 տարեկան, 560-ը՝ 30-49 տարեկան, 606-ը՝ 50-ից բարձր։ Հարցվածներից 693-ը տղամարդ է, 824-ը՝ կին։

Հարցվածների 64%-ը խիստ անհանգստացած է, որ ինքը, իր ընտանիքի անդամներից կամ ծանոթներից մեկը կվարակվի կորոնավիրուսով, ինչ-որ չափով անհանգստացած է 21%-ը։ Ընդհանրապես մտահոգված չէ հարցվածների 9%-ը, ինչ-որ չափով մտահոգված է 6%-ը։

46%-ը քիչ է անգանգստացած կամ ընդհանրապես անհանգստացած չէ, որովհետև պահում է բոլոր կանխարգելիչ միջոցները։ 18%-ն անտարբեր է, քանի որ կարծում է` վիրուսը գոյություն չունի և սա դավադրություն է։ 15%-ը ռիսկ չի տեսնում, 8%-ը մտածում է, որ սա սովորական գրիպի նման հիվանդությունը է։ 6%-ը մտահոգ չէ, որովհետև անձամբ ոչ մի վարակվածի չի ճանաչում, և 2%-ն անտարբեր է, քանի որ արդեն վարակվել է։ 2%-ը կարծում է, որ բոլորն էլ մի օր վարակվելու են։

30-ից 49 տարեկան և 50 և ավելի մեծ տարիքով անձինք ավելի մտահոգ են վարակվելու մտքով, քան 18-29 տարեկանները։

Հարցվածներից Երևանում 49%-ն անձամբ ճանաչում է վարակվածի, 51%-ը՝ ոչ։ Գյուղական համայքներում միայն 28%-ն ունի վարակված ծանոթ, իսկ այլ քաղաքներում՝ 35%-ը։

Հարցվածների 71%-ը խիստ մտահոգ է, որ վիրուսն ազդելու է տնտեսության վրա, 19 տոկոսն ինչ-որ չափով է մտահոգ։ 30-ից 49 տարեկան և 50 և ավելի մեծ տարիքով անձինք ավելի մտահոգ են տնտեսության վատթարացման մտքով, քան 18-29 տարեկանները։

Հարցվածների 97%-ը կրում է դիմակ, 90%-ը խուսափում է հանրային կուտակումներից, 90%-ը` իր հետ չապրող մարդկանց հետ մտերմիկ շփումներից, 85%-ը խուսափում է վայրերից, որտեղ սոցիալական հեռավորություն պահելն անհնար է, 84%-ն ավելի շատ է լվացել ձեռքերը, 2%-ն օգտագործել է ձեռքն ախտահանող միջոց, 1%-ն օգտագործել է ձեռնոցներ, 1%-ն այլ միջոցներ է ձեռնարկել, 1%-ը նշվածներից ոչ մեկը չի արել։