Ուժային եռամարտի չեմպիոն Զորիկ Պողոսյանը սահմանել է նոր ռեկորդ
Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանը հերթական անգամ հիացրել է իր հաղթական ելույթով։
Նա «Ալեքս» մարզակումբում սահմանել է Դյուցազնագրքի նոր ռեկորդ՝ 200կգ ծանրաձողը ուսերին պահելով 40վ տևողությամբ կատարել է կքանիստ վարժությունը։ Ռեկորդի սահմանումը ամբողջությամբ տեսագրվել է, հանձնաժողովի կողմից արձանագրվել: Այն կներկայացվի ՀՀ դյուցազնագրքի ասոցիացիա:
Զ. Պողոսյանը «Իրազեկ»-ի հետ զրույցում նշել է որ սահմանած ռեկորդը նվիրում է հրշեջ-փրկարար, Վանաձորի բնակիչ Սամվել Դեվելյանի հիշատակին:
Նշենք, որ ռեկորդի սահմանմանը ներկա էին դյուցազնագրքի ռեկորդի սահմանման աշխատանքները համակարգող հանձնաժողովը, Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի մասնագետները, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը: