Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սևանա լիճը կրկին «ծաղկել է», բայց մասնագետների համար սա բոլորովին անակնկալ չէ։

Գործոնները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, նոր չեն ի հայտ եկել. դրանք ունեն տասնամյակների պատմություն, և, դժբախտաբար, լուծումներն էլ արագ չեն լինելու։

Հիմնական բացասական գործոններն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը և ջերմաստիճանի բարձրացումը։

Ի՞նչ է արվում։

  • Լճի մակարդակի բարձրացման արդյունքում լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար 2019-ից իրականացվում են ափամերձ անտառաշերտերի մաքրման աշխատանքներ, որոնց ծավալն աննախադեպ է։
  • Սևանա լճից ջրի բացթողման ծավալները հասցված են նվազագույնի, իսկ Արփա-Սևան թունելով տեղափոխվող ջրի ծավալը զգալիորեն ավելացվել է։
  • Կենցաղային կեղտաջրերի մաքրման համար նախատեսվում է կենսաբանական մաքրում իրականացնել Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մաքրման կայաններում։
  • Ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար պարտադիր պայման է սահմանվել կեղտաջրերի մաքրման իրականացումը, մի շարք տնտեսվարողներ սկսել են փոքր մաքրման կայանների տեղադրում, որոնց շնորհիվ լիճը հոսող ջրերի որակը կհացվի անհրաժեշտ մակարդակի։ Զուգահեռ ԵՄ ջրային նախաձեռնություն + ծրագրի աջակցությամբ մշակվում են Սևանի ջրի որակի նոր ստանդարտները։
  • 2004թ. սկսած առաջին անգամ իրականացվում է սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրում։ Հաշվի առնելով սիգի պաշարների փոքր ծավալը, սա կարող է տարօրինակ թվալ, սակայն այս ծրագրի իրականացման միջոցով պետք է օրինական դաշտ բերվեն ձկնորսները, վերջինները պետք է սկսեն վստահել և համագործակցել պետության հետ, արդյունքում ապահովելով ավելի մեծ եկամուտներ իրենց ընտանիքների համար՝ առանց էկոհամակարգին վնաս հասցնելու։
  • Ձկնորության կարգավորումը կարևոր է, քանի որ ձկներն օրգանական նյութի կլանման կարևոր/հիմնական միջոցն են, իսկ դրանց որսի շնորհիվ օրգանական նյութերը հեռացվելու են լճից։ Բնականաբար, որսի կազմակերպումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ձկան պաշարներն ավելանան, այնուհետև կայունանան, ինչի համար անհրաժեշտ կլինի մի քանի տարի։
  • Լճի «սանիտար» կողակի պոպուլյացիայի վերականգնման համար աշխատանքներ են տարվում մայրական կազմի ձևավորման և մանրաձկան արտադրության կազմակերպման ուղղությամբ։

Անելիքները շատ են, խնդիրը շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է կլոր տարի՝ ոչ միայն ծաղկման ընթացքում։

Մշակվել է գործողությունների պլան, որը քննարկվում է շահագրգիռ կողմերի հետ։ Դրա իրականացման արդյունքում կունենանք շոշափելի փոփոխություններ»: