ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն․ Ադրբեջանական սադրանքների նպատակն է երկրում լարվածություն ստեղծել
Ադրբեջանի կողմից ՌԴ-ում հայերի հանդեպ սադրանքները նպատակ ունեն թուլացնելու Ռուսաստանում ազգամիջյան համերաշխության հիմքերը, բազմազգ հասարակության մեջ լարվածություն մտցնելու ու երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծելու։ Այս մասին հայտարարել են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանության՝ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման, հետագա զարգացումներից խուսափելու համար, իսկ Ռուսաստանի տարածքում գործող տնտեսվարողներն անկախ ազգությունից ու քաղաքացիությունից պետք է պահպանեն ՌԴ օրենքները։
«Անցյալ գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին բազմաթիվ սադրանքներով, նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, ևս մեկ անգամ ցուցադրում են ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը։ Այդ սադրանքները նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանում ազգամիջյան համերաշխության հիմքերը, բազմազգ հասարակության մեջ լարվածություն մտցնել ու երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել»,- ասվում է հաղորդարության մեջ։
Դեսպանատնից հայտնել են, որ իրենք, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցները ՌԴ համապատասխան մարմիններին տեղեկացրել են հուլիսի 23-ի գիշերվա իրադարձությունների մասին։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ: