ՀՀ դեսպանություն. Ռուսաստանի հետ կանոնավոր ավիափոխադրումը դեռ չի վերսկսել
Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր սկսել են առաջարկել օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթերի վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։
Ելնելով նշվածից՝ դեսպանությունը խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթերի վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ խնդիրներից խուսափելու նպատակով։
«Կանոնավոր չվերթերի վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթերը։ Դրանց ժամանակացույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում»,- ասվում է հայտարարության մեջ։