Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ հանդիպմանը։

ՊՆ ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը՝ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։

Դեսպան Լաքոտը վերահաստատել է Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում։ Դեսպանը նաև բարձր է գնահատել այս ընթացքում Հայաստանում՝ ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։