ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կաշխատի գործընկերների, այդ թվում՝ Անկարայի հետ, տարածաշրջանում լարվածության աճը զսպելու համար
ՌԴ-ն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին, հաշվի առնելով վերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, և տրամադրված է հետագայում ևս գործընկերների, այդ թվում Թուրքիայի հետ, աշխատել լարվածության նոր ալիքը զսպելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում մյուս տարածաշրջանային դերակատարներին զսպվածություն դրսևորել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների ֆոնի վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում իրենց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- ասել է նա։
Զայցևն անդրադարձել է նաև հուլիսի 29-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններին։
«ՌԴ-ում մեծապես մտահոգված են մեզ բարեկամ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին սրացմամբ։ Վստահ ենք, որ բազմամյա ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, հարկավոր է լուծել բացառապես դիվանագիտական բանակցությունների միջոցով․․․ ՌԴ ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ թույլ չտալու համար հետագա սրացում, այդ թվում օպերատիվ գործակցելով տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ»,- ասել է Զայցևը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ, ինչպես նաև վերջին շփումները Թուրքիայի հետ՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով։