Մինսկում շուրջ 63,000 մարդ է մասնակցել Սվետլանա Տիխանովսկայայի հանրահավաքին
Մինսկում, իրավապաշտպան կազմակերպության հաշվարկով, մոտ 63,000 հոգանոց հանրահավաք է կայացել՝ ի աջակցություն Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի, փոխանցում է ՌԲԿ-ն։
Հանրահավաքն անցել է Ժողովուրդների բարեկամության այգում՝ համերգի ձևաչափով։ Հավաքի անցկացման վայրում լուրջ խնդիրներ են եղել բջջային կապի հետ, բեմից խորհուրդ են տվել հեռախոսները պահել ավիառեժիմի վրա։
Ինքը՝ Տիխանովսկայան հավաքի վայր է եկել 20։00-ին, ու բեմեից դիմել հավաքվածներին։
«Ուզում եմ ասել, որ իմ ամուսինը բացել է մարդկանց աչքերն ու փոփոխությունների հույս ներշնչել։ Ինձ իշխանություն պետք չէ, բայց ամուսինս ճաղերի հետևում է։ Ես ստիպված եմ թաքցնել երեխաներիս։ Հոգնել եմ համբերելուց, լռելուց, վախենալուց»,- ասել է նախագահի թեկնածուն։
Տիխանովսկայայի խոսքով՝ քաղաքականության մեջ է հայտնվել ոչ թե հանուն իշխանության, այլ՝ հավասարության։ Նա նշել է, որ նախագահ դառնալուն պես կազատի քաղաքական և տնտեսական բանտարկյալերին, հանրաքվե կանցկացնի 1994թ-ի Սահմանադրության վերականգնման համար և կես տարվա ընթացքում նոր ընտրություններ կանցկացնի՝ այլընտրանքային թեկնածուներով։