ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսին ստուգում է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում արձանագրվել է ընդհանուր թվով 36 խախտում, որից 34 խախտումների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում, որով արձանագրված խախտումների համար միջնորդություն է ներկայացվել ՀՀ Արմավիրի մարզպետին՝ Փարաքար համայնքի համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու, խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Արձանագրված 2 խախտումների վերաբերյալ նյութեր են պատրաստվել և ներկայացվել իրավասու մարմիններին։ Մասնավորապես՝ համայնքում կատարված փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0,1513հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ խաղողի այգի գործառնական նշանակության հողամասում`առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է ջերմոց, հետագայում համայնքի ղեկավարի որոշումով` հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ջերմոցային տնտեսության կառուցման համար և տրվել է շինարարության թույլտվություն։ Սակայն վերոնշյալ ջերմոցը կառուցված է եղել դեռևս 2013թ-ին։ Արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել զգալի չափով գումարներ։

Մյուս դեպքով պարզվել է, որ քաղաքացիների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող 0.143հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանվել է 3 մասի, որից մի մասի՝ 0.0382հա մակերեսով գործառնական նշանակությունը փոխվել է հասարակական կարուցապատման և վարձակալությամբ տրամադրվել է Ա/Ձ-ի՝ գազալցակայանի հաշվիչ կայան և լիցքավորման աշտարակ տեղադրելու համար։ Սակայն վերոնշյալ 3 հողամասերի վրա ամբողջությամբ, կրկին առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ և առանց հողամասերը տրամադրելու մասին փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցվել և գործում է գազալցակայան։

Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։