Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախիջևանի հարցն այլևս մեր երկրի համար կարևորագույն խնդիր է դառնում, և այն պետք է լուծել առաջին հերթին պաշտոնապես իրավական գնահատական տալով 1921թ-ի Մոսկվայի ռուս-թուրքական հանցավոր պայմանագրին և օրենսդրորեն ընդունել 1918-21թթ. Հայաստանի Անկախ Հանրապետության իրավահաջորդությունը, որի ժամանակ Նախիջևանը միջազգայնորեն ճանաչված էր որպես Հայաստանի անբաժան մաս:

Նայեք քարտեզին՝ Նախիջևանի մարզը գտնվում է մեր երկրի հենց սրտում և մի ամբողջություն է կազմում Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի հետ միասին: 1921թ-ին Հայաստանի հանդեպ կատարվել է հանցագործություն, որի մասին հիմա անհրաժեշտ է և պարտադիր է բարձրաձայնել, այլապես վտանգված է արդեն իսկ Հայաստանի անկախ պետություն լինելը: Օրեր առաջ թուրքական օկուպացիոն զինուժի մուտքը Նախիջևան և ցուցադրական շքերթը Նախիջևան քաղաքում՝ խոսուն փաստ է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է՝ 1921թ-ի Մոսկվայի ապօրինի հակահայկական պայմանագիրը ռուսական կողմի հետ վերահաստատելու համար:

Այլևս ջայլամային քաղաքականությամբ հնարավոր չէ այս ամենը տանել դեպի անորոշության դաշտ. առկա են լրջագույն աշխարհաքաղաքական մարտահրավերներ, որոնց պետք է հրատապ արձագանքել, հնարավորինս կանխարգելել և մեր ազգային շահերին նպաստավոր լուծումներ տալ»: