Մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ աշակերտները գնահատական չեն ստանալու
Հայաստանի դպրոցներում ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության ժամանակ։
Պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր չափորոշիչներով դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվելու բովանդակությանը:
Նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով: Նախատեսվում է նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը։
Դասագրքերում փոփոխություններ անելու մասին քննարկումները կմեկնարկեն 2021թ-ին և 2022թ-ից կներդրվի ամբողջական համակարգ: