Պայթյունից հետո Բեյրութի մոտ 300,000 քաղաքացի անօթևան է մնացել
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ մոտ 300,000 մարդ անտուն է մնացել պայթյունների հետևանքով։ Իշխանությունն աշխատում է նրանց մնալու տեղով, ուտելիքով և ջրով ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է AlJazeera-ն։
Օգոստոսի 5-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հրավիրել է կառավարության շտապ նիստ և հայտարարել, որ անհրաժեշտ է Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարել։
Նախնական տվյալներով առնվազն 100 մարդ է զոհվել, 4000-ը՝ վիրավորվել։ Սակայն կառավարությունը կանխատեսում է զոհերի թվի աճ, քանի որ փրկարարները փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքներ են տանում։
Օգոստոսի 4-ի պայթյուններից ոչնչացել է նաև երկրի ցորենի էլեվատորը։ Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտնել է, որ այս պահին Լիբանանում հացի կամ ալյուրի ճգնաժամ չկա, քանի որ դրանցով բեռնված բավարար թվով նավեր իրենց ճանապարհին են դեպի Լիբանան։
Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ երկրի վարչապետ Հասան Դիաբն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։ Հայաստանը նույնպես պատրաստվում է օգնություն ուղարկել։