Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները՝ Եվրոպայից հրավիրված մեծանուն հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։ Վերջինս համագործակցում է աշխարհի լավագույն դիրիժորների, մենակատարների, երաժշտական կոլեկտիվների հետ, և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Խաչատրյանի թիվ 2 և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաների վերջերս արված ձայնագրությունները ունկնդրելուց հետո մեծ ուրախությամբ իր ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրություններն, ինչն իսկապես մեծ պատիվ է Հայաստանի և նվագախմբի համար։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծում է՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի խոսքով՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Փառատոնին պետք է մասնակցեին և Հայաստան ժամանեին բազում ճանաչված մենակատարներ և դիրիժորներ։ Սակայն այս պահին ամենաիրատեսական տարբերակը սիմֆոնիաների ձայնագրությունն է։
Սիմֆոնիաների ձայնագրման և տեսագրման աշխատանքներից բացի, հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև այլ միջոցառումներ։ Նախատեսվում է կազմակերպել ՀԱՖՆ մենակատարների կամերային համերգների առցանց հեռարձակում։ «Ասոնանս» անսամբլը հանդես կգա «Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով» ծրագրով՝ ներկայացնելով բեթհովենյան թեմաներով գրված 9 պիեսների պրեմիերա։ Կպատրաստվի և կցուցադրվի Բեթհովենին նվիրված վավերագրական ֆիլմաշար, ինչպես նաև կկազմակերպվի գիտական վեբինար, որի ընթացքում անդրադարձ կկատարվի մեծանուն կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։