Մինսկում բողոքի ցույցերից հետո մոտ 140 մարդ ձերբակալվել է
Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում և մյուս խոշոր քաղաքներում բողոքի ցույցերի առնվազն 140 մասնակից է ձերբակալվել։ Այդ մասին տեղեկացնում է «Նովայա գազետան»՝ իրավապաշտպանների «Վեսնա» կենտրոնի ֆեյսբուքյան գրառմանը հղումով։
Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80,23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,9%։
Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84,23%։
Ըստ իրավապաշտպանների՝ ձերբակալվածները շատ ավելին կարող են լինել։ Ուժայինների և ցուցարարների բախումները Մինսկի կենտրոնում շարունակվել են մինչև գիշերվա 3-ը, որից հետո ցուցարարները սկսել են ցրվել։
ՆԳՆ-ն դեռևս ձերբակալվածների հստակ թիվ չի հրապարակել, սակայն ընդունել է, որ կիրառել է հատոկ տեխնիկա և ձայնային նռնակներ, իսկ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Իրավապահներից տուժածների քանակի մասին տվյալներ ևս դեռ չկան։