ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ սիրիական «Ալ-Ազմենահ» թերթին հարցազրույցում, արձագանքելով Սևրի պայմանագրի 100-ամյակի վերաբերյալ հարցին, նշել է, որ պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր և կարող էր արմատապես լուծել հայկական հարցը, պայմանագիրը միջազգային քաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով իրականություն չի դարձել, բայց երբևէ չի էլ չեղարկվել։

Սարգսյանը նշել է, որ Սևրի պայմանագիրը նախորդել է 1920թ-ի փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովին, որտեղ ընդունվել էր քաղաքական որոշում մեկ միասնական հայկական պետություն ստեղծելու մասին։

«Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել: Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև դե ֆակտո գործող փաստաթուղթ է, քանի որ դրա վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ պայմանագիրը չեղարկող որևէ կետ չկա նաև 1923-ին Լոզանի պայմանագրում։