ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 24.7 մլն դրամի տուգանք է կիրառել գործարար Սամվել Ալեքսանսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար: Եվս 17.6 մլն դրամի տուգանք կիրառվել է կարագի շուկայում նույնի համար:

2018թ-ի հունվարից մարտ «Ալեքս էնդ Հոլդինգը» շուկայում առավել էժան շաքարավազի առկայության դեպքում իր արտադրած և ներմուծած ապրանքի գինն իջեցրել է այնքան, որ հնարավոր լինի իրացնել այն մրցունակ գնով՝ որոշ դեպքերում վնասներ կրելով:

Արդյունքում՝ տնտեսվարողներն այլևս նպատակահարմար չեն գտնում գործունեություն ծավալել: Միաժամանակ, հոլդինգն այնպես է արել, որ շաքարավազի խոշոր գնորդներն ու տնտեսական կարողություններ և հնարավորություններ ունեցող տնտեսվարողների համար նպատակահարմար չլինի ինքնուրույն շաքարավազ ներմուծել։

«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսում վերացնել խախտումը՝ շաքարավազի իրացման պայմանները և գնային քաղաքականությունը համապատասխանեցնելով օրենքին։

2018-ի հուլիսից ապրիլ «Սիթի» ընկերությունը կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել առավել փոքր քանակությամբ, ինչն էլ հանգեցրել է ապրանքի զգալի քիչ իրացմանը:

«Սիթի»-ին խախտումը վերացնելու համար 3-ամսյա ժամկետ է տրվել՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։