Գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն այսուհետ ուժեղացված կհսկվեն
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ։
«Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ»,- գրել է փոխվարչապետը։
Ավինյանի խոսքով՝ հանձնարարվել է նաև բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23:00-ից 7:00-ն, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար 100,000 դրամի տուգանք կա (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի): Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին նույն արարաքը կատարելու դեպքում քաղաքացին տուգանվում է 200,000 դրամով։