Հայաստանում 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին` մեկ անձի ուղեկցությամբ, ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) կմեկնարկի ամսի 15-ից։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է հանրակրթական բոլոր ուս.հաստատությունների համար:

Ըստ դրա՝ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում դպրոցի բուժքույրի ներգրավմամբ դասընթաց պետք է անցկացնի աշակերտների համար՝ հակահամաճարակային կանոնների պահպանման թեմայով: Ուղեցույցով սահմանվում է, որ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանները պետք է երկու խմբի բաժանվեն: