Եթե պետք է, այս իշխանությունները գնալու են, բայց հեղաշրջման փորձ թույլ չեն տալու, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ռազմական դրության պայմաններում, «պղտոր ջրում ձուկ բռնել փորձող» բոլոր քաղաքական ուժերին փոխվարչապետը վստահեցրել է, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու։

«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է», - ասել է Ավինյանը։

Փոխվարչապետը նաև նշել է, որ ներքաղաքական պրոցեսներում մեղավորների ու պատասխանատուների հերթը դեռ գալու է․

«Մեր ներքաղաքական պրոցեսները՝, թե ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, և եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող», - հայտարարել է Ավինյանը:

Հարցին՝ թե հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, փոխվարչապետը պատասխանել է, որ նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել է, բայց վստահեցնում է՝ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու։