Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ հարաբերությունների բարելավման տրամադրվածության հաստատումն է», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին՝ արտահայտվելով Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների հետագա համակարգման օգտին։

«Զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ նրբերանգներ», - հաղորդում է Կրեմլը։