Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակից սփյուռքահայ մասնագետներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի ժամանակաշրջան, իրենց հետ բերեն նոր դիտանկյուն, նոր հայացքներ, նոր թարմություն, կողքից կարողանան տեսնել և քննել՝ ինչ է կատարվում»:
Թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ըստ վարչապետի, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշել է, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Մասնակցության շուրջ 800 դիմում է ստացվել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը մեկամյա է: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Թաիլանդ, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Նիդերլանդներ, Շվեդիա, Չինաստան, ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում՝ հնարավորություն ունենալով սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու տարբեր ոլորտների բարելավման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Ծրագրի մասնակիցները նաև այցելել են Արցախ:
«իԳործ»-ի մասնակիցները ներկայացրել են այն աշխատանքը, որ իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում, ինչպես նաև վարչապետի հետ կիսվել տպավորություններով և հարցեր ուղղել նրան: Երկխոսության շրջանակում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ մտքեր է փոխանակել հետպատերազմյան իրավիճակներում անելիքների, Հայաստանի վերափոխման ու առաջընթացի, տնտեսության զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության բարեփոխման, նորարարական և գիտելիքահեն մտածելակերպի խթանման, տարբեր ոլորտներում ՏՏ զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդման, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության ուղղությամբ աշխատանքի, մշակույթի տարածման շուրջ: