Լոռու մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2020թ.-ի ընթացքում նույն մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև՝ դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների իրականացման գործընթացում օրինականության պահպանման վիճակը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020թ-ի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 263 դեպք, որոնցից 138 դեպքով հարուցվել են քրեական գործեր: Ապօրինի անտառահատումներին առնչվող 7 քրեական գործ հարուցվել է անտառների պահպանության համար պատասխանատու պաշոնատար անձանց կողմից տարաբնույթ առերևույթ կոռուպցիոն հանցավոր արարքների կապակցությամբ:
Քրեական այդ գործերով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 453 մլն ՀՀ դրամ: Դրանից վերականգնվել է 1.387.780 ՀՀ դրամը, մնացած մասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
Հարուցված քրեական գործերից 26-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 29 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ուսումանսիրությունը վկայում է, որ 2019թ.-ի համեմատ ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են 45%-ով: Չնայած վերջինս վկայում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառերի ապօրինի հատումների արձանագրման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, սակայն ինքնին հատումների քանակական աճը վկայում է նաև անտառագոտիների նկատմամբ իրականացվող վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հանցավոր հատումներ կատարողների բացահայտման գործընթացում թերությունների առկայությունը, որը մասամբ, հատկապես կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ, կարող է պայմանավորված լինել նաև արցախյան պատերազմում ռազմական գործողություններին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողների մասնակցությամբ և այդ ընթացքում իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կատարելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքով:
Խնդիրների առկայության մասին է վկայում հատկապես ապօրինի հանցավոր հատումները կատարած անձանց ի հայտ չբերելու պատճառով վարույթը կասեցված գործերի համեմատաբար մեծ քանակը, որը կազմում է տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի ավելի քան 45 %-ը: Ընդ որում՝ միայն վարույթը կասեցված չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է ապօրինի հատված 3890 ծառ, իսկ պատճառված վնասը կազմել է 250.443.270 ՀՀ դրամ:
Այս բնույթի քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ որոշ դեպքեր տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են տևական ու շարունակական բնույթ և չնայած դրան՝ ակնհայտորեն դուրս են մնացել անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինների տեսադաշտից:
Ելնելով ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ հանգամանքներից և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման բացասական միտումները դրսևորվել են ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու ուղղությամբ արդյունավետ, գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով մարզի դատախազության կողմից նախընթնաց շրջանում իրավասու օղակներին հղված բազմաթիվ միջնորդագրերի պայմաններում՝ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալին՝ ոստիկանության իրավասություններից բխող գործառույթների կտուկ ակտիվացման հարցով:
Մասնավորապես, գրությամբ հրատապ անհրաժեշտություն է համարվել Լոռու մարզի վարչական տարածքի անտառամերձ ճանապարհահատվածներում ամենօրյա հսկողության սահմանումը, անտառամերձ բնակավայրերի ամենագնաց և թափքի առկայությամբ ավտոմեքենաների շարժի, նշված բնակավայրերում և հարակից տարածքներում գործող փայտամշակման արտադրամասերի, փայտագործությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի արհեստանոցների գործունեության նկատմամբ հսկողության, ստուգումների ավելացումը, անտառային տարածքներ ունեցող բնակավայրերից, Լոռվա մարզի վարչական տարածքներից ելք կատարվող ճանապարհներին ամենօրյա և 24 ժամյա ուժեղացված ծառայության սահմանումը: Հատուկ կարևորություն է տվել ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի վարչական տարածքը սպասարկող մասնաճյուղերի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ Ոստիկանության համապատասխան ծառայությունների ակտիվ համագործակցությանը և հատկապես օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների ձեռնարկմանը՝ անտառահատման չբացահայտված հանցավոր դեպքերը, դրանք կատարող անձանց, ինչպես նաև դրանց նպաստող՝ պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար։