Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում անվտանգ երթևեկության նկատառումներով տեղակայված են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները` համաձայն ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը` հիշեցնելով, որ այս ամենը հաղորդվել էր ավելի վաղ:

ՊՆ-ն հիշեցնում է, որ շփման գծի մի կողմում տեղակայվել են ՀՀ սահմանապահ զորքերը՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից, և որ նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

«Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։