Հայկական սննդամթերքի արտահանումը դեպի ռուսական շուկա կընդլայնվի
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՌԴ այցի շրջանակում X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ (գործադիր տնօրենի գլխավորությամբ) հանդիպման ժամանակ քննարկել է դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։
Ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, ՀՀ տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։
Հանդիպման ընթացքում Խոջոյանը կարևորել է նաև լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում և ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը կայուն և կանխատեսելի մատակարարման գրավականն է:
Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչների հետ Խոջոյանը քննարկել է փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը կնքել են փոխըմբռման հուշագիր։