Արցախի կառավարությունը դրական եզրակացություն է տվել ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու նախագծին, հայտնել է ԱՀ խորհրդարանի պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Մետաքսե Հակոբյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։

Նա հիշեցրել է, որ սա դեռ նախագիծ է ու քննարկումներ են ընթանում։ Ըստ նրա՝ քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ ԼՂ-ում պաշտոնական լեզուն շարունակի մնալ հայերենը, խմբագրմամբ, որ «կարող է օգտագործվել նաև ռուսերեն»։ Ըստ նրա՝ այս տարբերակում լեզուները չեն հավասարեցվում պաշտոնական առումով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, ըստ նախագծի՝ այնտեղ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը։