ՀՀ ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացնելու մարտի 16-20
ՀՀ ԶՈւ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-20-ը Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։
Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում է մոտ 7500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոց, մոտ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոց։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
Զորավարժությունների նպատակն է․
- ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները,
- ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը,
- անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով: