Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:

«Եկել է ավելի շատ մարդ, քան մենք ակնկալում էինք, որովհետև սա փոքր ակցիա է: «Հայրենիքի փրկության շարժումը», ընդդիմադիր կուսակցությունները հաջողել են բողոքի ակցիաներ անել նաև մի քանի հոգանոց», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը:

Դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ հայտարարել է.

«Եղավ հայտարարություն, որ 12:30 Նիկոլը գալու է Արտգործնախարարություն, արդյունքը՝ մարզերից բերվեցին հազարավոր ոստիկաններ, երկրի բյուջեից միլիոններ ծախսելով բերվեցին, փակվել են Երևանի կենտրոնը, ինչ է թե պաշտպանեն հողատուին»:

Հիշեցնենք` շարժումը՝ կողմ լինելով արտահերթ ընտրություններին, առաջարկել է իր սցենարը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո ընտրություններ։