Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում հայտարարել , որ կապիտուլանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, ընդգծելով՝ քաղաքական խրամատը չի լքելու։

«Օր առաջ պետք է լծվել Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին, այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա», - հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Նախկին նախագահն ընդգծել է, որ թեև իրենց շարքերը լքողներ եղել են, բայց այսօր ունեն մրցունակ թիմ և պայքարելու են «ազգային և ուժեղ պետության համար»։

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքում ես ապացուցել եմ՝ ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը, սրանում կարող եք վստահ լինել», - ասել է երրորդ նախագահը՝ շարունակելով․ - «Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է, մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»։