Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում բնակելի թաղամաս կկառուցվի։ Կառավարությունը մարտի 18-ի նիստում հավանություն տվեց «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։

Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3 հա հողամասը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով կօտարվի ընկերությանը։ Հողամասի դիմաց ընկերությունը կվճարի 150 մլն 531 հազ 576 դրամ: Նախատեվում է կառուցել 8 հարկանի 18 բնակելի և 1 հասարակական շենք: Ընդհանուր տարածքի առնվազն 40%-ը պետք է կազմեն կանաչապատ գոտիները:

«Նախատեսվող հողամասը ներկայում գտնվում է անբարեկարգ և աղտոտված վիճակում, համայնքային ծրագրերի շրջանակներում հողամասի օգտագործում այլ նպատակով նախատեսված չէ, ուստի հողամասի լավագույն և արդյունավետ օգտագործման նպատակով այստեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր՝ ապահովելով բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայությունը: Հողամասի օտարումով չեն խոչընդոտվի այլ սեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը»,- նշված է որոշման նախագծում:

Զովունիում նախատեսվող ծրագրով պետք է իրականացվեն 11 մլրդ 898 մլն 319 հազար դրամի չափով ներդրումներ: Ներդրողը իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում: Պետական բյուջե կմուտքագրվեն ընդհանուր շուրջ 1.6-ից 2.7 միլիարդ դրամի հարկեր: Բնակելի թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 տարվա ընթացքում: