Անկախ պատգամավորները ստեղծում են «Արցախ» նախաձեռնություն
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստ: «Իմ քայլը» խմբակցության նախկին, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Սոֆիա Հովսեփյանի հետ մտադիր են ստեղծել «Արցախ» նախաձեռնություն:
«Մենք պատրաստվում ենք այս խորհրդարանում լինել Արցախի ձայնը, որովհետև մինչ այժմ ունենք նման ֆորմատ` Արցախի հետ բարեկամական խումբ, իսկ այդպիսի խումբ մենք ունենք տարբեր երկրների հետ, և կարծում եմ` Արցախի մասով մենք հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք: Հատկապես պատերազմից հետո, երբ մինչ այժմ պատկերացում ունեինք, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` Արցախի հարցը կարծես թե ներքաղաքական օրակարգից դուրս է եկել:
«Էնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք պրծանք, բայց չենք մոռացել, շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց Թովմասյանը: