Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն - իշխող քաղաքական կուսակցություն Հայաստանում, կազմում է բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում։ Որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվել է 2013թ-ին, իսկ 2015թ-ին պաշտոնապես ստեղծվել է կուսակցությունը։ Ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է, վարչության նախագահը՝ Սուրեն Պապիկյանը։ Կուսակցության կարգախոսն է՝ «Ապագա կա»։

Նիկոլ Փաշինյան - մասնագիտությամբ լրագրող, այնուհետև՝ պետական քաղաքական գործիչ։ Եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Անդամակցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ պաշտպանելով Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ 2018թ-ին նախաձեռնել է «Թավշյա հեղափոխությունը»՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։ Նույն տարում ընտրվել է ՀՀ վարչապետ։ 2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմից հետո, որի արդյունքում կրելով պարտություն, ունեցանք տարածքային և մարդկային մեծ կորուստներ, 2021թ-ին հրաժարական է տվել։

Հայաստան դաշինք – Կազմությունը՝ երկու կուսակցություն և մեկ անհատ՝ Հայ Յեղափոխական դաշնակցություն, Վերածնվող Հայաստանի քաղաքական դաշինք և Ռոբերտ Քոչարյան։ Այն ստեղծվել է 2021թ-ի մայիսի 9-ին։ Դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյան - քաղաքական գործիչ, եղել է Արցախի և ՀՀ վարչապետ, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ։ Վերջինիս ղեկավարման տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ՝ հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանի սպանությունը Քոչարյանի անվտանգության աշխատողների կողմից, 2008թ-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի արյունալի դեպքերը։ 2018թ-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, ազատ արձակվել 2020թ-ին։

Վերելք կուսակցություն - հիմնվել է 2021թ-ին։ Կուսակցության նախագահն է Ալեքսան Մինասյանը։ Կուսակցության գաղափարախոսությունն է Միտք, Միասնություն, Ուժ։ Կուսակցության ներսում համախմբվել են՝ ռազմական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ, տնտեսագետ, բժիշկ՝ բժշկական կենտրոնի հիմնադիր, մանկավարժ, ուսուցիչ, լեզվաբանության դոցենտ, բանասեր, ռեժիսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, մշակույթի ներկայացուցիչ։

Ալեքսան Մինասյան - Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան-ուսումնարանի հիմնադիր։ Հայաստանում առաջին պարաշյուտադեսանտային թռիչքի իրականացնողը։ Եղել է Վազգեն Սարգսյան ինստիտուտի պետը և տվել Հայոց Բանակի առաջին սպաները։ 2001-ին հիմնել է ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն դասընթացները։ Ունի հաջող իրագործված հույժ գաղտնի մի քանի օպերացիաներ, որի համար ստացել է մեդալներ։ Ունի ռազմական հարուստ անցյալ։

Բարգավաճ Հայաստան կուսակցություն – Հիմնադրվել է 2004թ-ի ապրիլի 30-ին, հիմնադիր նախագահը Գագիկ Ծառուկյանն է: Կուսակցության կարգախոսն է՝ «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար»։

Գագիկ Ծառուկյան – գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, քաղաքական գործիչ։ 2020թ-ի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն է տվել կալանավորելու միջնորդությանը։ Հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացման օգտին։

Լուսավոր Հայաստան կուսակցություն - գործող ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում։ Կուսակցության նախագահը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է։ Խմբակցությունը եղել է մանդատների թվով ամենափոքր խմբակցությունը, որում ընդգրկված են եղել նախապես 18 հոգի։ Հիմնադրվել է 2015թ-ի դեկտեմբերի 12-ին։ Կուսակցության կարգախոսն է՝ «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»։

Էդմոն Մարուքյան – քաղաքական գործիչ, փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ 2007-2008թթ-ին եղել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս։ 2017թ-ի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ-ի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - հիմնադրվել է 1990թ-ին։ Երկար տարիներ ԱԺ-ում եղել է իշխող կուսակցություն և կազմել է մեծամասնություն։ Թավշյա հեղափոխությունից հետո 2018թ-ի ընտրություններում ՀՀԿ-ն առաջին անգամ պատմության մեջ չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։ Այս տարի մասնակցելու է ընտրություններին «Հայրենիքի» հետ դաշինքով, որը կկոչվի «Պատիվ ունեմ»։ «Հայրենիք» կուսակցությունը ղեկավարում է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանն է։ Դաշինքի կարգախոսն է` «Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք»։

Սերժ Սարգսյան – ՀՀ երրորդ նախագահ, խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Եղել է ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար։ Լինելով ԱԱԾ պետ՝ 1996թ-ի ընտրություններին հաջորդեց բողոքի մեծ ալիք, արդյունքում ցուցարարները կոտրեցին ԱԺ շենքի դարպասները, չնայած հենց իր ղեկավարած կառույցը պետք է ապահովեր շենքի անվտանգությունը, ծեծի ենթարկվեցին պատգամավորներ, կրակոցների պատճառով սպանվեցին բազմաթիվ քաղաքացիներ, երկրում հաստատվեց արտակարգ դրություն և Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ ընտրվեց ՀՀ նախագահ։ 2008թ-ի ընտրությունների արդյունքում ընտրվեց ՀՀ նախագահ, բազմաթիվ քաղաքացիներ դեմ լինելով և չընդունելով ընտրությունների արդյունքները՝ դուրս եկան ցույցի, որը նախաձեռնվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Արդյունքը եղավ մարտի 1-ի և դրան հաջորդած դաժան ծեծի սպանությունների դեպքերը։ 2016թ-ին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, որի արդյունքում կորցրած տարածքները Սերժ Սարգսյանը մեկնաբանեց որպես ռազմավարական տեսակետից նշանակություն չունեցող։ 2018թ-ին թավշյա հեղափոխության արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ 2019թ-ին նրան առաջադրվել է խոշոր չափերով գումարի հափշտակության կատարում կազմակերպելու, այնուհետև գումարի յուրացման մեղադրանք։

Ազգային-ժողովրդավարական բևեռ քաղաքական դաշինք - բաղկացած է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունից, Հայաստանի եվրոպական կուսակցությունից և մի շարք անկուսակցական քաղաքական գործիչներից։ Կազմավորվել է 2020թ-ի մայիսի 4-ին: Ղեկավարը Ալբերտ Բաղդասարյանն է։ Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը:

Սասնա ծռեր կուսակցություն – ստեղծվել է 2018թ-ի սեպտեմբերի 29-ին, ղեկավար մարմինը 7 հոգանոց քարտուղարությունն է, որը համակարգում է Վարուժան Ավետիսյանը։ Կուսակցության ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանն է։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին մասնակցել է ընտրություններին և ստացել 20000-ից քիչ ավելի քվե։

5165 կուսակցություն - շարժման հիմնադիր համագումարը կայացել է 2021թ-ի ապրիլի 25-ին։ Շարժման առաջնորդն է Կարին Տոնոյանը։ 5165-ը Արարատ լեռան բարձրությունն է:

Կարին Տոնոյան – բանասեր, լրագրող, հաղորդավար, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող։ Եղել է «Հայ ասպետ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր։ Կարին Տոնոյանի որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, որից հետո վերջինս՝ մեծ ցավ ապրելով նախաձեռնեց միավորում, որով մտավ քաղաքականություն՝ երկրում տիրող իրավիճակը փոխելու համար։

Օրինաց երկիր կուսակցություն - երկար տարիներ համագործակցել է ՀՀԿ-ի հետ՝ կազմելով կոալիցիա վերջինիս հետ։ 2014թ-ին ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից։ Կուսակցության նախագահը մինչ 2018թ-ը եղել է հիմնադիր Արթուր Բաղդասարյանը։ 2018թ-ին ԱԺ ընտրություններին կուսակցությունը չի կարողացել անցնել անցողիկ շեմը։ Արթուր Բաղդասարյանը 2018թ-ից դուրս է եկել քաղաքականությունից։ Այնուհետև նախաձեռնել է Հայկական Վերածնունդ անվանումով (նույնանուն սփյուռքահայ կազմակերպություն պնդում է, որ միտումնավոր է իր անունը օգտագործվել) դաշինք, որի մեջ են մտել տասնյակ քիչ հայտնի ու անհայտ կուսակցություններ, միավորներ, մասնակցել է 2016թ-ին Գյումրիում և Վանաձորում քաղաքապետի և ավագանու ընտրություններին բավականին ձայներ հավաքելով։ Վանաձորում կոալիցիայի մեջ է մտնում ՀՀԿ-ի հետ։ 2018թ-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին չի կարողանում անցնել անցողիկ շեմը, ԱԺ ընտրություններին նույնպես։

Ժառանգություն կուսակցություն - հիմնվել է 2002թ-ին: 2008թ-ին նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009թ-ին համագործակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ։ Վարչության նախագահը Անդրանիկ Գրիգորյանն է։ 2013թ-ին առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը նախագահի պաշտոնում։ 2017թ-ին մասնակցել է ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով։ 2018թ-ին մասնակցել է թավշյա հեղափոխությանը։ 2018թ-ին Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը։

Երկիր Ծիրանի կուսակցություն - հիմնադրվել է 2017թ-ի մարտի 15-ին։ Նախագահը Զարուհի Փոստանջյանն է։ Կարգախոսն է՝ «Դեպի Արարատ»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (կրճատ` «Քաղաքացու որոշում» կուսակցություն, հապավումը՝ ՔՈ ՍԴԿ), գործող քաղաքական, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Հայաստանում։ Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր Մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր Մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն էր։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած երկրորդ համագումարին ընտրվել է 12 հոգուց բաղկացած նոր ԳՄ, և քարտուղար է ընտրվել Գոռ Հակոբյանը։ Կուսակցությունը մասնակցել է Հայաստանի 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Համապետական ցուցակի առաջին եռյակում են եղել Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը։ Կուսակցության կարգախոսն էր «Ապագան ՔՈնն է»։ Կուսակցությունը ստացել է ձայների 8,514 ձայն, կամ ձայների 0,68%-ը։ Ռեյտինգային ընտրակարգով առաջատարը Արթուր Ավագյանն էր, ով ստացել էր 500 ձայն։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), կուսակցություն Հայաստանում։ Հիմնադրվել է 2008 թվականին ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա 2013 թվականին։ Նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներ՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց։

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան (հունվարի 9, 1945, Հալեպ, Սիրիա), Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998)։ Մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտոր։ Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։