«Առաջարկում եմ ոչ թե սելֆիներ անել, այլ օգնել բանակին, երիտասարդ զինվորին». «Վերելք» կուսակցության նախագահ
«Վերելք» կուսակցության նախագահ, պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանը խորհրդակցություն է անցկացրել մարտական ուղի անցած աշխարհազորի հետ` պահեստազորի ակտիվ ռեզերվի ձևավորման նպատակով:
Իսկ խորհրդակցությունից հետո «Վերելք» կուսակցության նախագահն ու ԱՏԱՆ զինավանի հիմնադիր և ղեկավար Գնել Հովհաննիսյանը հանդես են եկել ասուլիսով: «Վերելքը» նաեւ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է, որ երկիրը հավանական պատերազմի շեմին է, ու թշնամին օր օրի մեծացնում է ճնշումը մեր երկրի վրա, անպատիժ մնալու վստահությամբ անցնում ՀՀ սահմանները` պահանջելով նոր տարածքներ: Դրա համար կուսակցությունը գտնում է, որ պետք է աշխարհազորի հետ պահեստազորի ակտիվ ռեզերվ ձեւավորել եւ սատար կանգնել բանակին: Ալեքսան Մինասյանը շնորհավորելով մայիսի 28-ի առիթով, ասաց, որ սա իսկապես մեծ հաղթանակ էր, մեր նախնիների հաղթանակը. «Որոշ մարդիկ ասում են գոյամարտ, բայց դա եղել է ճակատամարտ, որտեղ մենք տարել ենք հաղթանակ: Կարեւորը, սակայն, այն է, որ կարծես թե պատմության օղակները կրկնվում են, ուստի «Վերելք» կուսակցությունը փորձում է կազմակերպել պետությանը, բանակին օգնելու այն համակարգը, որը մեզ կտա միայն հաղթանակներ»:
Նա նշեց, որ իրենց գրասենյակ են հրավիրել զինակից ընկերներին, մարդկանց, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը: Հավելեց, որ այդ նպատակով համագործակցում են ԱՏԱՆ զինավանի հետ: Ընդգծեց, որ պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել, որպեսզի նախորդ պատերազմի նման մարդիկ, իր ձեւակերպմամբ` թափթփված չգնան մարտադաշտ եւ տեղյակ լինեն, թե ինչ է կարգ ու կանոնը:
Գնել Հովհաննիսյանը նշեց, որ ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպությունը ընդունել է «Վերելքի» առաջարկը` բազայում պատրաստել կամավորականներից կազմված ջոկատներ եւ պաշտպանել ՀՀ սահմանները: «ԱՏԱՆ զինավանը կառուցելու ընթացքում եւ հիմա Ալեքսան Մինասյանը միշտ եղել է մեր կողքին ու աջակցել ամեն ինչով: Այժմ առավելագույն սեղմ ժամկետների ընթացքում պատրաստելու ենք կամավորականներից կազմված ջոկատներ` ՀՀ պետական սահմանը պաշտպանելու համար»,-ասաց Գնել Հովհաննիսյանը: «Առաջարկում եմ` բոլոր նրանց, ովքեր ունեն ուժ եւ կամք պաշտպանելու հայրենիքը, կոչ եմ անում միանան այս գործընթացին եւ գան ոչ թե սելֆիներ անելու, այլ պատրաստվելու այն գործին, որն անհրաժեշտ է մեր հայրենիքի պաշտպանությանը, այսինքն` գան բանակին, մեր երիտասարդ զինվորին օգնելու եւ ոգեշնչելու, նրանց հոգեւոր որակը բարձրացնելու եւ վստահություն ներշնչելու: Սա միայն իմ կամ իմ ընկերոջ գործը չէ, բոլորիս գործն է: Հայրենիքը բոլորինս է, բոլորս նույն նավի մեջ ենք, եւ եթե խորտակվում ենք, խորտակվում, ենք բոլորս»: