Հարցազրույց ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր, գնդապետ Ալեքսան Մինասյանի հետ
-Մեր զրույցներից մեկում նշել եք, որ Անդրանիկը մեծ դեր ունի Ձեր կյանքում: Ո՞րն է այդ դերը:
-Ես Անդրանիկին համարում եմ իմ ուսուցիչը, չնայած նրան չեմ տեսել: Ես միշտ՝ որպես վառ օրինակ, իրեն եմ տեսնում: Ճիշտը որ ասեմ, այդքան պատերազմների միջով անցնելով հանդերձ, ինքն ինձ համար ուղեցույց է եղել իր մարդկային նկարագրով ու գործով։ Միշտ երազել եմ նմանվել նրան, դառնալ այնպիսին, ինչպիսին ինքն էր երկրին ու ժողովրդին նվիրվածությամբ։
Դրան նպաստել են նաև հորս պատմած պատմությունները, իմ բարեկամները։ Իմ տատիկի հորեղբոր տղան՝ Խաչիկ պապը, եղել է Անդրանիկի թիկնազորի տեղակալը: Շատ սթափ մտածող, ինտելեկտուալ մարդ է եղել։ Ես ինձ համարում եմ նրանց սերունդը։ Եվ, գիտեք, կասեմ, որ բոլորովին էլ կարևոր չէ մարդկանց մեջ արյունակցական կապը։ Կարող է մեկ ուրիշը շատ ավելի լավ Անդրանիկ դառնալ իր ձգտումով, նվիրումով։ Արյունակից լինելը բոլորովին էլ կարևոր չէ։ Պատահական չէ, որ Թումանյանի պես մեծ հայը Անդրանիկին ընդունում էր որպես եղբայր և հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստ է իր չորս զավակներին զինվորագրելու նրա հայրենանվեր պայքարին:
Մի խոսք կա․ ասում են հասկանալու համար, թե մարդն ինչպիսինն է, պետք է նայել՝ ով է եղել նրա համար օրինակ։ Ես չգիտեմ, փորձել եմ, ձգտել եմ նմանվել նրան։ Ինչքանով է հաջողվել, ես, իհարկե, չեմ կարող ասել, բայց այդպես է եղել։
-Ո՞վ է Անդրանիկը Ձեզ համար։ Ինչպե՞ս կնկարագրեք նրան։
-Ես իրեն միշտ պատկերացրել եմ մարդկանց օգնող, ուրիշի ցավը սեփականի պես ապրող, ուրիշի մասին մտածող ազնիվ ու մաքուր մարդ։ Պատահական չէ, որ Անդրանիկի հարսանիքի կնքահայրը եղել է Նուբար փաշան, ում անունով է դրված Նուբարաշենը։ Նա նույնպես օգնող, կամեցող մարդ է եղել: Այսինքն, աշխատում է նմանն զ նմանին օրենքը։
Որպես զինվորական՝ Անդրանիկը շատ քաջարի է եղել: Ես էլ իմ գործունեությամբ, որում շատ բան փակ է և հրապարակման ենթակա չէ, աշխատել եմ նրանից հետ չմնալ: Որքանով եմ հասել, չեմ կարող ասել, բայց իր օրինակն ինձ միշտ ձգել է, մագնիսական դաշտ է եղել։
-Մարդկանց օգնելը, կարեկցելը կարևորում եք։ Իսկ պետության կառավարման մեջ որքանո՞վ են կարևոր այդ որակները։
-Կարեկցանք պետք է ունենաս, բայց որոշումներն ըստ կարեկցանքի չպետք է ընդունես։ Որոշումները պետք է ընդունել պրագմատիկ նկատառումներով։ Այսինքն, պետք է անես այն, ինչի պահանջը կա։ Խիղճը լավ բան է, անհրաժեշտ է, որ լինի։ Հենց այդ խղճից է, որ ուզում ես լավ բան անել, բայց միշտ չի, որ խիղճը արդարացնում է գործողությունը։
-Անդրանիկն այդպես էլ չհասավ նրան, ինչի համար պայքարում էր, հիասթափված հեռացավ այստեղից։
-Այո՛, նա թողեց, գնաց Բուլղարիա, հետո Ֆրանսիա, այնտեղ էլ Պեր Լաշես գերեզմանատանն իր շիրիմն է։ Դե, միգուցե դա ճակատագիր էր: Հայաստանից հեռանալիս նա ասել է «Ես գնում եմ Հայաստանից, որպեսզի որևէ մի հայ դավաճան չդառնա. նրա փամփուշտից ես չզոհվեմ»: Այսինքն, կարևորվում է դաստիարակությունը, ինչի համար ես միշտ պայքարել եմ: Դաստարակել սերունդ, որովհետև դաստիարակությունից կախված է այն, թե ինչպիսին ես դու ուզում տեսնել քո պետությունը: Լավ դաստիարակված մարդկանց խմբով ստեղծվում է հզոր պետություն:
-Դաստիարակությունը, բացի դիսցիպլինայից, ի՞նչ է Ձեզ համար:
-Դաստիարակությունը շատ լուրջ բան է՝ սկսած ներողամտությունից, սիրելու ունակությունից, արարելու ունակությունից, ինչն էլ մեզ բարիքներ է բերում: Արարելու միջոցով դու ուժեղացնում ես ինքնապաշտպանությունդ