Չարբախում համայնքապատկան հողատարածքը վերածվել է վճարովի աղբավայրի
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասում՝ Շիրակի փողոցի հարևանությամբ, համայնքին պատկանող տարածքը վերածվել է աղբավայրի: Տարածքը տնօրինողները շինարարական և կենցաղային աղբով բարձված յուրաքանչյուր մեքենայի վարորդից գանձում են 1000 դրամ, որից հետո նոր թույլատրում աղբը դատարկել երբեմնի կանաչապատ տարածքում:
Գյուղատնտեսական նշանակությամբ համայնքին փոխանցված հողատարածքը 2008թ-ին ամբողջությամբ կանաչապատ էր, այժմ կանաչ տարածքի հետքն էլ չկա:
Այդ հողամասերը (շուրջ 10 հա) Կառավարության 2009թ. որոշմամբ Երևան համայնքին են փոխանցվել գյուղատնտեսական և այլ հողատեսքեր նշանակություններով, սակայն համայնքը նշված անշարժ գույքի միավորների նկատմամբ պետական գրանցում չի իրականացրել, դա է պատճառը, որ այդ տարածքը հասցե չունի:
Երևանի քաղաքապետարանում տեղյակ են, որ նշված տարածքն ապօրինի աղբավայրի է վերածվել, սակայն չեն կարողանում այդ «երևույթն արմատախիլ անել»:
«Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև ոստիկանության մեր գործընկերները պարբերաբար կանխարգելիչ նկատառումներով՝ շրջայց-ստուգայցներ են իրականացնում՝ (նաև ձեր նշած տարածքներում) արատավոր այդ երևույթի դեմ պայքարում: Նախկինի համեմատ՝ կատարված գործողությունների արդյունքում, ակնհայտ ձեռքբերումներ կան, քանի որ մի շարք դեպքերում օրինախախտների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչը նպաստել է, որ լրջորեն նվազի՝ չնախատեսված վայրերում հայտնվող շինաղբի ծավալը: Սակայն երևույթը արմատախիլ անել՝ դեռ հնարավոր չէ` ելնելով տվյալ գործունեությունը ծավալող սուբյեկտների ու այդ ամենի մեջ հնարավոր ներքաշված այլ անձանց՝ սխեմատիկի նմանվող խառնիճաղանջ գործելաոճից»,- ասված է հարցմանն ի պատասխան, գրում է «Հետք»-ը:
Քաղաքապետարանում «չեն կարողանում» բացահայտել համայնքի հողատարածքները անօրինական աղբավայրի վերածած անձանց, սակայն բոլորին հայտնի է, որ աղբավայրի տիրուհին Անուշ ներկայացող տիկինն է, որի հետ թաղամասի բնակիչները չեն ուզում որևէ առնչություն ունենալ: Վերջիններս պատմել են, որ տարիներ առաջ այդ տարածքում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում Ներքին Չարբախի բնակիչները, հայտնում է «Հետք»-ը։