Կառավարությունը չի փոխհատուցելու «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից տուժած տնտեսվարողներին, նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գրում է «Ազատությունը»։

Տնտեսվարողները փոխհատուցում կստանային, եթե նրանց գույքն ապահովագրված լիներ, նշել է նախարարը՝ շեշտելով, որ կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերության ֆունկցիա իր վրա վերցնել։

Քերոբյանը կոչ է արել ընկերություններին սովորել աշխատել բարձր ստանդարտներով և ապահովագրել անշարժ գույքը, բիզնեսը։

«Եթե այդ միջավայրում աշխատած տնտեսվարողներն ապահովագրած լինեին իրենց գույքը, իսկ այդ ծառայությունը հասանելի է և ինչ-որ մեկն արել է, գրագետ բիզնեսները դա անում են՝ ապահովագրել են իրենց տարածքը, գույքը հրդեհից և այլն, բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը, և եթե գործարարը չի համարել էդ ռիսկը մեծ, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի», - ասել է նախարարը։