Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-ին և 27-ին կներկայացվի «Ձյունե թագուհին» սառցե շոուն: Նշենք, որ դերերում համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ են՝ տարբեր երկրներից, նաև մարզիկներ՝ Հայաստանից: Անդերսենյան պատմությունը սառույցի վրա կներկայացվի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ:

«Միջազգային կարգի մեծ շոու ծրագիր է նախատեսված։ Կլինեն նաև կրկեսային հնարքներ, գեղասահորդների կողմից բարդ ցատկեր, նաև պարային համարներ՝ սառույցի վրա։ Այս ամենն արվում է, որ ներկայացումն ավելի իրական լինի, և գտնվենք իրական հեքիաթում»,- ասել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Գեղամ Վարդանյանը:

«Ամեն ինչ լինելու է շատ գունեղ և հեքիաթային»,- ասել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող մեծամասշտաբ նախագիծը հագեցած կլինի լուսային և ձայնային ձևավորմամբ: Հատուկ այդ նպատակով դեկորացիաների և հագուստների մեծ մասը բերվել է արտերկրից:

Կազմակերպիչները խորհուրդ են տալիս ներկայացմանը գալ տաք հագուստով։