Մի խումբ մտավորականներ Թուրքիայի իշխանություններին հորդորել են բացահայտել Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը
Թուրքիայում մի խումբ մտավորականներ համատեղ հայտարարություն են տարածել` թուրքական իշխանություններին հորդորելով քայլեր ձեռնարկել ու բացահայտել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը։
Շաբաթներ առաջ թուրք փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն իր սոցիալական հաշիվներից մեկում գրել էր, թե Թուրքիայի հատուկ ջոկատային ուժերի նախկին գնդապետներից մեկը դեռ 2016թ-ին Փայլանի սպանության ծրագիր է ունեցել, որը, սակայն, չի իրագործվել։ Հայազգի պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, բայց պատկան մարմինները դեռ ընթացք չեն տվել գործին:
Փայլանի հաղորդումից հետո Ինջեն հերթական հրապարակումն է արել Թվիթերում՝ գրելով, թե «պատգամավորը մեջլիսում երկու անգամ թիրախում է եղել, սակայն հրաժարվել են սպանել նրան, որպեսզի հերոս չդառնա»: Փայլանին աջակցող հայտարարությունը ստորագրած 424 հոգին, այդ թվում՝ գրողներ, լրագրողներ, արվեստագետներ ու քաղաքական գործիչներ, իշխանություններին կոչ են արել գործի անցնել «խորքային պետության և մաֆիայի ուժերի դեմ»։