Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը երեկ հանդիպել է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին։ Այս մասին նշված է Կառավարության կայք էջում։

Հիշեցնենք, որ Կառավարությունը, 2022թ-ի հուլիսի 7-ի որոշմամբ, 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար։

Ողջաբերդցիներին ներկայացվել են փոխհատուցում ստանալու ընթացակարգերը և նշվել, որ ընդամենն օրեր անց նրանց արդեն կտրվեն վկայագրերը՝ հորդորելով այն իրացնել սահմանված ժամկետում:

Նշենք նաև, որ ներկայում ընթանում են «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2022թ-ի դեկտեմբերին: Վերջնարդյունքում ստեղծվելու է կայանատեղի, բարեկարգվելու է դեպի Գառնու տաճար և նոր կայանատեղի տանող ճանապարհների մայթերը և երթևեկելի հատվածները, բարեկարգվող փողոցները կահավորվելու են ճանապարհային նշաններով, զբոսաշրջային ցուցանակներով և համապատասխան գծանշումներով, թեքահարթակներով: