ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ուսուցիչների 2022թ-ի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 25-ին, «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 1-ին, «Պատմություն» (ոչ թեստային տարբերակ), «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 2-ին:

Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հրամանով հաստատվել են նաև գիտելիքի ստուգման կենտրոնները:

Ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել էր ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: 2022թ-ին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:

Կամավոր ատեստավորման ծրագրին 2022թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50% բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների: