Արցախյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման համար հատկացվել է 52 մլն 380 հազար դրամ
Կառավարության սեպտեմբերի 1-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ-ի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով 52 մլն 380 հազար դրամ է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում կստանան ընթացիկ տարվա մարտի 22-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շուրջ 221 շահառուներ, որոնք զորացրվել են 2021-2022թթ-ի ձմեռային զորացրման ժամանակ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ընդհանուր առմամբ, նշված պետական ծրագրով 2021թ-ին ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց տրվել է շուրջ 1 մլրդ 595 մլն 931 հազար դրամի փոխհատուցում, իսկ 2022թ.՝ 1026 ուսանող, որոնց տրվել է շուրջ 233 մլն 262 հազար դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում:
Ուսման վարձի փոխհատուցման գործընթացը և բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա շահառուների տվյալների հավաքագրումը ԿԳՄՍ նախարարության կողմից կշարունակվի մինչև պատերազմի մասնակից ժամկետային բոլոր զինծառայողների զորացրումը: