«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով: Այս մասին 2022թ. սեպտեմբերի 6-ին «Էկոլուրի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

ԷկոԼուրին ուղղված նամակում նշված է. «Տեղեկացնում ենք, որ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 06.07.2022թ-ի թիվ Հ/Ա-2022/25 գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն խնդրանքով՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու: Ընկերության կողմից ներկայացվել է փոփոխված ժամանակացույցով նախագիծը և անհաղթահարելի ուժի վերացման վերաբերյալ հիմնավորումները: Միաժամանակ հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի վերոգրյալ գրությունը ՀՀ ՏԿԵ նախարարությունում քննարկվում է»։

Այսպիսով, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն առաջին ու դեռևս միակ ընկերությունն է, որը օգտվել է «Ընդերքի մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններից: