Խանութների, սրճարանների սեփականատերերը պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները․ Քաղաքապետարան
Դեռևս 2009թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տնտեսվարողները ծանուցվում են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին:
Կախված գործունեության տեսակից՝ ավագանու որոշմամբ մանրամասնորեն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմանները:
Կրպակների, մանրածախ առևտրի կետերի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը, շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար, դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասը: Ավելի մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարողների համար՝ անգամ մինչև 100 մետր կարող է սահմանվել:
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ որոշ տնտեսվարողներ առանց հիշեցման էլ բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունը:
«Որոշ տնտեսվարողներ ոչ միայն չեն ապահովում տարրական մաքրություն, այլև փնտրում են իրենց արդարացնող պատճառաբանություններ: Այն գործարարները, որոնք կանտեսեն և չեն պահպանի կանոնները՝ կտուգանվեն: Սակայն քաղաքային իշխանության նպատակը ոչ թե տուգանքներն են, այլ համատեղ ուժերով քաղաքի խնդիրները լուծելը:
Մինչև տուգանքը կլինի ևս մեկ նախազգուշացում: Եթե դա ևս անտեսվի կամ չկատարվի քաղաքային իշխանությունը կկիրառի նորմերը»,- ասում է Արամ Դանիելյանը:
Պարտադիր բարեկարգման նորմերը վերաբերում են ոչ միայն տնտեսվարողներին, այլև պետական և համայնքային հիմնարկներին. դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային կենտրոններին: Որոշումը ներառում է նաև ավտոտնակները: