Գլխավոր դատախազությունն այսօր հաստատել է շաբաթներ շարունակ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ միջազգային հետախուզումը դադարեցվել է:

Ըստ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի, Ինտերպոլը միջազգային հետախուզումը դադարեցրել է դեռ երկու ամիս առաջ` Մինասյանի ներկայացրած դիմումի քննարկման արդյունքում: Հայաստանի դատախազությունը, սակայն, դրանից տեղյակ չի եղել, և միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո է «օպերատիվ» քայլեր ձեռնարկել, և ոստիկանությունից տեղեկացել, որ «Ինտերպոլը 2022թ. հուլիսի 7-ից դադարեցրել է միջազգային հետախուզումը»: Դատախազությունը պնդում է, թե որոշման հիմքերը չեն ներկայացվել, սակայն չի մանրամասնում` ոստիկանությունից չի ստացել, թե դրանք ընդհանրապես Հայաստանի իշխանություններին չեն ներկայացվել: Դատախազության հաղորդագրությունը նաև չի մանրամասնում, թե երբ է Հայաստանի ոստիկանությունը Ինտերպոլից ստացել հետախուզումը դադարեցնելու որոշումը, ստանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել, և ինչու՞ է Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներից հետո միայն տեղեկացել այս մասին:

Դատախազությունը միայն պնդում է, թե «սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»: Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, ինչ են ենթադրում նոր ընթացակարգերը` հստակ չէ: Դատախազությունը այս պահին միայն հերքում է, որ Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մեղադրվում էր ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020թ. մարտի 23-ից, և հենց այդ ժամանակ էլ, ըստ դատախազության, հայկական կողմը Ինտերպոլին ներկայացրել է Մինասյանի մեղադրանքին առնչվող փաստաթղթեր և հիմնավորումներ՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար: