Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը և՛ս «կշարունակի քաղաքական բոյկոտն» ու չի մասնակցի Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերին։

«Չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին», - հայտնում է խմբակցությունը՝ շեշտելով՝ ժողովրդի կողմից ստացած մանդատն օգտագործելու են՝ «հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները, դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ»:

«Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից», - նշված է խմբակցության հայտարարությունում: