Մոսկվայի հատուկ հանձնարարություններով դեսպանը կօգնի Երևանին և Բաքվին խաղաղ համաձայնագիր մշակել
Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին կմեկնի Երևան և Բաքու՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակելու նպատակով։ Այս մասին ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
«Խաղաղ պայմանագրի մշակման հարցը կարևոր տեղ ունի հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված մեր ջանքերում։ Ռուսական օժանդակության պահանջվածությունը հաստատել են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Մեզ համար, դա իհարկե, ահռելի պատասխանատվություն է, այլ ոչ թե ինքնագովազդ», - հայտարարել է ռուս դիվանագետը։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դեռ նոր է մեկնարկում։ Ակնհայտ է, որ մենք այժմ գտնվում ենք երկու երկրների հաշտեցման դժվարին ուղու ամենասկզբում։ Հարատև արդյունքների հասնելու համար կողմերից զգալի ջանքեր և ժամանակ կպահանջվի», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Խոսելով Արցախում տիրող կացության մասին՝ Գոնչարը ընդգծել է, որ վերջին շրջանում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը վերաբերում է Լաչինի միջանցքով անցնող նոր ճանապարհի գործունեությանը։
«Ընդհանուր փոխըմբռնում կա, որ Լաչինի միջանցքով անցնող նոր ճանապարհը շահագործման է հանձնվելու 2023թ-ի ապրիլի 1-ին», - նշել է Գոնչարը։